11/08/2023 14:03
Կառավարությունը հաստատեց. Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար 6 միլիոն դոլար կհատկացվի
Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շրջանակում կկազմակերպվի 1 երաժշտական միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ, որը մոտավորապես 6մլն դոլար է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
«Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել Միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:
Միջոցառման իրականացման ընթացքում «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կհամագործակցի հասարակական կարգը պահպանող, ինչպես նաև միջոցառման անվտանգությունն ապահովող պետական իրավապահ մարմինների և դրանց համապատասխան աշխատակիցների հետ։
Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ: Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմսերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասարակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:
Համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանավորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր: Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։
Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից:
Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) որպես սեփականություն կհանձնվի պետական մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպությանը:
Միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո Կազմակերպությունը, միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։
Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 - 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:
Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»: