11/08/2023 21:51
Գինեկոմաստիա․ Հրահրող գործոններ, պատճառներ ու բուժում
Գինեկոմաստիան կրծքագեղձային հյուսվածքի ավելացումն ու կրծքագեղձերի բարորակ (ոչ քաղցկեղածին) մեծացումն է տղաների կամ տղամարդկանց մոտ, որը պայմանավորված է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների անհավասարակշռությամբ:
Գինեկոմաստիան կարող է դրևսորվել մեկ կամ երկու կրծքերում, երբեմն՝ անհավասարաչափ:
Կեղծ գինեկոմաստիան վերաբերվում է տղամարդկանց կրծքագեղձերում ճարպային, բայց ոչ գեղձային հյուսվածքի ավելացմանը:
Նորածինների, սեռահասունացող տղաների և տարեց տղամարդկանց մոտ գինեկոմաստիա կարող է զարգանալ հորմոնների մակարդակների բնականոն փոփոխությունների հետևանքով (ֆիզիոլոգիական գինեկոմաստիա), թեև կան նաև այլ պատճառներ:
Ընդհանուր առմամբ, գինեկոմաստիան լուրջ խնդիր չէ, սակայն կարող է լինել դժվար հաղթահարելի: Գինեկոմաստիա ունեցող տղամարդիկ և տղաները երբեմն նշում են կրծագեղձերի ցավ և կարող են ամաչել իրենց արտաքինից:
Գինեկոմաստիան կարող է ինքնուրույն անցնել, բարդացած դեպքերում կարող են օգնել դեղորայքը կամ վիրահատությունը :
Գինեկոմաստիա ունեցող չափահաս տղամարդկանց մեծ մասը որևէ ախտանիշ չի նշում:
Այս վիճակի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
ցավ՝ հատկապես դեռահասների մոտ,
կրծքագեղձի հյուսվածքի այտուցվածություն,
կրծքագեղձի ցավոտություն,
հագուստին քսվելիս պտուկների զգայունություն:
Կարող են մեծանալ ինչպես մեկ այնպես էլ երկու կրծքագեղձերը, սակայն գինեկոմաստիան տարբերվում է գիրությանն ուղեկցող կրծքագեղձերի մեծացումից, որի պատճառը ճարպային, այլ ոչ թե գեղձային հյուսվածքի գերաճն ու կուտակումն է:
Մաշկի փոսությունը և պտուկի ներքաշումը չեն համարվում գինեկոմաստիային բնորոշ նշաններ. դրանք ավելի շուտ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներ են: Պտուկից կաթնային արտադրությունը նույնպես չի համարվում գինեկոմաստիային բնորոշ նշան, սակայն կարող է առաջանալ, եթե գինեկոմաստիա զարգացել է պրոլակտին արտադրող ուռուցքի պատճառով։
Գինեկոմաստիայի այլ հնարավոր նշաններից են նաև կրծքի հյուսվածքի անահմաչափությունը և հարպտկային շրջանի տրամագծի մեծացումը։
Գինեկոմաստիա ունեցող տղամարդիկ կարող են լինել անհանգիստ կամ սթրեսի ենթարկված՝ հնարավոր կրծքագեղձի քաղցկեղի կասկածի կամ կրծքի կանացի տիպի փոփոխության պատճառով:
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝
այտուցվածություն,
ցավ կամ դիպչելիս ցավոտություն,
մեկ կամ երկու կրծքերից արտադրություն:
Գինեկոմաստիայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները՝
դեռահասություն,
մեծ տարիք,
մարզական ցուցանիշները բարելավելու համար անաբոլիկ ստերոիդների օգտագործում,
որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լյարդային և երիկամային հիվանդությունները, վահանաձև գեղձի խանգարումները, հորմոն-ակտիվ ուռուցքները և Կլայնֆելտերի համախտանիշը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։