11/08/2023 18:11
Չնայած դժվարություններին՝ շրջափակված Արցախում կայացավ Artsakh STEM Expo 2023-ը
Չնայած շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին, անհաղթահարելի թվացող խոչընդոտներին՝ Ստեփանակերտում կայացավ Artsakh STEM Expo 2023-ը՝ «Գիտություն և մոտիվացիա» խորագրով։ Էքսպոյի կազմակերպիչներից Նարե Ղահրամանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ նախորդ տարի էքսպոն կազմակերպեցինք Մարտակերտում, իրապես ստացվեց համահայկական էքսպո, որովհետև մասնակցեցին թե՛ ՀՀ-ից, թե՛ Արցախից։
Նարեն ցավով ընդգծում է՝ շրջափակման պատճառով այս տարի էքսպոյին մասնակցեցին միայն Արցախից, թեև ՀՀ-ից կազմակերպվեց նաև առցանց մասնակցություն։
«Նախորդ տարի Մարտակերտն էինք ընտրել էքսպոյի կազմակերպման վայր և ցանկություն ունեինք վայրն անփոփոխ թողնել՝ կարևոր նպատակադրմամբ, որ Մարտակերտում մեծացնեինք աշխուժությունը, Մարտակերտն էլ դառնար իրադարձությունների կենտրոն։ Ցավոք, այս տարի ստիպված եղանք վայրը փոխել, ունեինք նաև լուրջ կասկածներ՝ արդյոք ի վերջո կստացվի՞ էքսպոն կազմակերպել, քանի որ տրանսպորտի բացակայությունը լրացուցիչ խնդիրների հարուցեց։ Այնուամենայնիվ լուրջ ջանքերի շնորհիվ հաջողվեց էքսպոն կազմակերպվել Ստեփանակերտում»։
Artsakh STEM Expo-ի գաղափարը Արտավազդ Բոյաջյանինն է, ով նշում է՝ նպատակ ունեն մեծացնել աշակերտների, ուսանողների հետաքրքրությունը բնագիտական առարկաների, տեխնոլոգիաների, գիտության հանդեպ։
Նարե Ղահրամանյանն ասում է՝ չնայած լուրջ դժվարությունների՝ էքսպոն ունեցավ 150 մասնակից, եղան արդյունավետ քննարկումներ, գաղափարների մրցույթ։
Արցախի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Նարեն ցավով ընդգծում է՝ շրջափակման պայմաններում դժվար է հեռանկարային նախագծերում ներգրավվել, բայց չեն հուսահատվում՝ գիտակցմամբ, որ արդյունք ստանալու համար պիտի աշխատել՝ հնարավորինս անտեսելով խոչընդոտները։
«Ցավոք, երիտասարդներս նույն ինտենսիվությամբ չենք աշխատում, ինչպես որ նախկինում, այնուամենայնիվ, փորձում ենք չընկճվել։ Հատկապես այս օրերին փորձում ենք հնարավորինս օգտակար լինել։ Հատկապես ոգևորիչ է, որ ՀՀ-ից որևէ մերժում չենք ստանում, բոլորը պատրաստակամորեն աջակցում են։ Այն, որ այս դժվարին օրերին միջոցառում է կազմակերպվում, հնարավոր է դառնում մարդկանց գոնե մի քանի ժամով կտրել հիմնական հոգսերից, երազանքների, նոր գաղափարների մոտիվացիա հաղորդել, արդեն ձեռքբերում է»։