11/08/2023 21:23
«Ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է բոլոր գործընկերների ջանքերի համադրում»․ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ Արցախում ստեղծված վիճակն է քննարկել
Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:
Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգման նպատակով»: