11/08/2023 15:45
Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ
Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման սարքավորումներում տեխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:
«Մեր մասնագետների խումբը անցած գիշերվանից գտնվում է հերթական վթարման վայրում և գործադրում բոլոր ջանքերը կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: Ուստի, հայցելով մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը, հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների վերացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը: