11/08/2023 11:58
Այսօր ցանկացած կին, ով ցանկություն ունի, կարող է երեխա ունենալ. Փաշինյանն Ավանեսյանին առաջարկեց տարիքային շեմը հանել (Տեսանյութ)
ՀՀ կառավարության 2023 թվականին պետական պատվերի շրջանակներում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների շրջանակը:
2023 թվականի հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող շուրջ 1500 զույգեր դիմել են անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թվականի տարեվերջ կանխատեսվում են ևս 750 շահառուների ներգրավում, կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ նախարարությանը առաջարկվում է այդ ծրագրի համար ևս 500մլն դրամ փոխանցել:
«Ճիշտ ենք հասկանում, որ այս ընթացքում, ծրագրի փոփոխությունների արդյունքում այսօր ցանկացած կին, ով նման ցանկություն ունի՝ երեխա ունենալու, կարող է ծրագրից օգտվել՝ անկախ սոցիալական վիճակից: Ով ուզում է երեխա ունենալ, ո՞ւր կարող է դիմել»,-դիմելով Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետը:
«Այո, պարոն վարչապետ, 36 տարեկանը լրացած ցանկացած կին, երկու տարի ցանկություն ունեցած, բայց երեխա չունեցող կանայք հնարավորություն ունեն դառնալ այս ծրագրի շահառու՝ անկախ որևէ կարգավիճակից»,-պատասխանեց Ավանեսյանը:
Վարչապետին հետաքրքրեց, թե ինչու է ընտրվել 36 տարեկան շեմը:
«Մենք ունենք բժշկական հատված, որը ենթադրում է, որ 36 տարեկանն այն շրջանն է, որ այս տեխնոլոգիաներն ամենաարդյունավետն են գործարկվելու: Բայց մենք դիտարկում ենք ծրագիրն ընդլայնելը և տարիքային շեմն էլ վերանայել»,-ասաց նախարարը:
«Կներեք, եթե մարդը 27 տարեկան է և ուզում է, ի՞նչն է պրոբլեմը, ես դա չեմ հասկանում: Մենք նախկինում քննարկել ենք, բայց նոր եմ ֆիքսում, որ տարիքային շեմ ենք սահմանել»,-հարցրեց գործադիրի ղեկավարը և առաջարկեց տարիքային շեմը փոխել:
2023 թվականի պետական բյուջեով նշված ծառայությունների համար նախատեսվել է 2022 թվականի տարեսկզբին հաստատված բյուջեի չափով՝ 917,9 մլն դրամ: Ծրագրի անընդհատության ապահովման համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից առկա ռեսուրսների շրջանակներում կատարվել է նշված ծրագրի պայմանագրային գումարի ավելացում 52,0 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կատարվել է ամսական համամասնությունների փոփոխություն: 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ փաստացի վավեր կատարողականի ծավալը կազմել է 921,96 մլն ՀՀ դրամ (փաստացի կատարված աշխատանքը՝ 1.025,14 մլն ՀՀ դրամ), իսկ ֆինանսավորումը՝ 778,426 մլն ՀՀ դրամ:
Փաստացի ծառայություններ են մատուցվել թվով 1948 շահառուի, որից արտամարմնային բեղմնավորման դեպքերի թվաքանակը կազմել է 608, որից` 32-ը կրկնակի փորձ: Թվով 294 շահառուի մատուցվել են սերմնավորման, իսկ թվով 1046 շահառուի՝ միայն պատճառագիտական հետազոտության ծառայություններ: Մինչև 2023 թվականի ավարտը կանխատեսվում է արտամարմնային բեղմնավորման ծառայությունների տրամադրում ևս 750 նոր շահառուների: 1 արտամարմնային բեղմնավորման հաշվով կատարվող ծախսի միջին ծավալը կազմում է 1,42 մլն ՀՀ դրամ: Արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի 2.331,64 մլն ՀՀ դրամ ((1500+750-608)*1,42):
Մինչև 2023 թվականի ավարտը կանխատեսվում է սերմնավորման ծառայությունների տրամադրում ևս 370 նոր շահառուների: 1 սերմնավորման դեպքի միջին ծախսը կազմում է 0,25 մլն ՀՀ դրամ: Սերմնավորման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի 92,5 մլն ՀՀ դրամ (370*0,25):
Մինչև 2023 թվականի ավարտը կանխատեսվում է պատճառագիտական ծառայության տրամադրում ևս 1300 նոր շահառուների: Պատճառագիտական հետազոտության դեպքի միջին ծախսը կազմում է 0,107 մլն ՀՀ դրամ: Պատճառագիտական հետազոտության համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի 139,1 մլն ՀՀ դրամ (1300*0,107):
Նախագծով նախատեսվում է ավելացնել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «1200. «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի 11006. «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 500,0 մլն ՀՀ դրամով: Լրացուցիչ ֆինանսական միջոցները անհրաժեշտ են շահառուների անպտղության հաղթահարման նպատակով:
Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ սահմանված շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովելն է:
Նախագծի ընդունման արդյունքում 2023 թվականի պետական բյուջեի ծախսը կավելանա 500մլն ՀՀ դրամի չափով: