12/08/2023 21:39
2016-ից մինչ օրս ադրբեջանցիները նվազագույնը 96 անգամ թռել են իսրայելական ավիաբազա՝ պայթուցիկների «առաքման կետ» («Հետք»)
«Հետք»-ը ուսումնասիրել է իսրայելական «Haaretz»-ի հետաքննությունը՝ ադրբեջանա-իսրայելական ռազմական կապերի մասին, նաև ուշագրավ այլ տեղեկություններ հրապարակել։ Հոդվածից հատվածները՝ ստորև․
«Իսրայելական «Haaretz» օրաթերթն այս տարվա մարտին հրապարակել էր մի հետաքննություն, ըստ որի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աէրոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:
Ըստ «Haaretz»-ի՝ տարիներ շարունակ միայն մի քանի արեւելաեվրոպական ավիափոխադրողներ են իրավունք ստացել օգտվել «Օվդայից»՝ տեղափոխելով պայթուցիկներ: Դրանցից մեկն ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունն է, որը 2016-ից մինչ օրս «Օվդայում» կատարել է առնվազն 96 վայրէջք:
Իսրայելական պարբերականը հրապարակել է «Silk Way Airlines»-ի կողմից դեպի «Օվդա» թռիչքների քանակական տվյալները՝ ըստ 2016-2023 թթ. կիսամյակների: Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
«Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա»-Բաքու չվերթերը (թռիչքների համարները՝ ZP 4611 եւ ZP 4612) երկու երկրների միջեւ բեռնափոխադրման ոլորտում բացառիկ չեն: Ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերությունը՝ «Silk Way West Airlines»-ը, որը շահագործում է ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարներ, ներկա պահին շաբաթական 2 չվերթ է իրականացնում Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ: «Haaretz»-ը նշում է, որ նախորդ տարի ադրբեջանական ավիաընկերությունը «Բեն Գուրիոն» օդանավակայանում արտերկրյա բեռնափոխադրողների մեջ եղել է 3-րդը տեղափոխած բեռի ծավալներով:
«Հետքի» մեկ այլ աղբյուր պատմում է, որ ամիսներ առաջ ՀՀ-ում Իսրայելի դեսպանի հետ (դեսպանի նստավայրը Երուսաղեմում է) կայացած մի փակ հանդիպման ժամանակ վերջինս այն միտքն է արտահայտել, թե իր երկիրը Հայաստանի հետ չի համագործակցի անվտանգային ոլորտում, փոխարենը կարելի է սերտացնել տնտեսական կապերը: Ըստ աղբյուրի՝ տրամաբանությունը հետեւյալն է. եթե դու միլիարդավոր դոլարներ արժեցող սպառազինություն ես վաճառում մի երկրի, ապա արդյոք կհամաձայնես զենք վաճառել նաեւ նրա թշնամի երկրին, որն ունի շատ ավելի փոքր ֆինանսական հնարավորություններ, այսինքն՝ առաջինից ավելի խոշոր հաճախորդ չէ: Դրանով դու, ըստ էության, հարվածի տակ կդնես քո խոշոր գնորդի հետ համագործակցությունը»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում