12/08/2023 19:30
Տանը պահվող քիմիական նյութերի վտանգավորության աստիճանը. Ինչպե՞ս վարվել թունավորման դեպքում
Տանը պահվող քիմիական նյութերի մեծ մասը հարաբերականորեն անվնաս են, բայց լինում են նաև չափազանց վտանգավոր նյութեր:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ վտանգավոր են հատկապես քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնյակը, կաուստիկ սոդան, թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածքը քայքայող նյութեր, որոշ մաքրող, լվացող հեղուկներ, որոնք կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Վտանգավոր նյութեր են նաև լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:
Գործնականում ոչ թունավոր, անվտանգ կենցաղային նյութերից են գլիցերինը, սախարինը, ջրածնի 3% գերօքսիդի լուծույթը, ակվարելային, լատեկսային ներկերը (քիչ քանակի դեպքում), սննդային ներկերը, սիլիկոգելը, պենոպլաստը, կոսմետիկ նյութերը և այլն:
Քիչ թունավոր կենցաղային նյութեր են օճառը, մազերի, մարմնի հեղուկ օճառները, ամաններ լվացող և լվացքի հեղուկները, ժավելը, պարկետինը, պարկետոլը, լաքաները հանելու միջոցները, ազոտային և ֆոսֆատային պարարտանյութերը, դեզոդորանտները, ջրածնի գերօքսիդի խիտ լուծույթները և այլն։
Նշված նյութերը մեծ քանակով օգտագործելու և վատ ինքնազգացողության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության` նյութն օրգանիզմից հեռացնելու և ներծծումը կանխելու նպատակով:
Անհրաժեշտ է հիշել.
Տնտեսական վտանգավոր քիմիական նյութերը պետք է պահվեն փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի տեղերում։
Թունավոր քիմիական նյութերը պետք է պահել իրենց գործարանային տարաների կամ տուփերի մեջ: Պատահարներից շատերը տեղի են ունենում հենց այն պատճառով, որ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքների տարաներում:
Վտանգավոր քիմիական նյութեր օգտագործելիս պետք է չափազանց ուշադիր լինել, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
Կարդալ կենցաղային նյութերի տարաներին փակցված նախազգուշացնող պիտակները, որտեղ նշվում է տվյալ նյութերի թունավոր կամ վտանգավոր լինելը։
Բացատրել երեխաներին պիտակներին նշված վտանգի նախազգուշացնող նշանները։
Այնուամենայնիվ, եթե առկա է թունավորման դեպք, պետք է ցուցաբերել առաջին անհրաժեշտ բուժօգնություն.
Խորհուրդ է տրվում տանը երբեք փսխում չառաջացնել: Եզակի դեպքերում, եթե ծանր թունավորման վտանգ կա և հիվանդանոցը հեռու է, կարելի է փսխում առաջացնել պատահարի վայրում:
Տուժածին անհրաժեշտ է խմեցնել գոլ ջուր. ապա մատով, փայտիկով կամ գդալի պոչով գրգռելով լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը` առաջացնել փսխում:
Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքով նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած` գլուխը մի փոքր առաջ թեքած: Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը:
Երբեք փսխում մի՛ առաջացրեք, քանի դեռ չեք խորհրդակցել Թունավորումների խորհրդատվական կենտրոնի կամ բժշկի հետ:
Փսխում չի կարելի առաջացնել, երբ`
թունավորումը նավթամթերքներից է (բենզին, կերոսին), քանի որ դրանց գոլորշիները կարող են թափանցել շնչուղիներ և քայքայել թոքերի հյուսվածքը,
տուժածը մեջքի վրա պառկած դիրքում է, քանի որ փսխման պարունակությունը կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ,
թունավորվածը թմրած կամ գրգռված է,
թունավորումը այրող-քայքայող կամ փրփուր առաջացնող ազդեցությամբ նյութերից է:
Շնչարգելության, հարաճուն քնկոտության, գիտակցության կորստի կամ ջղաձգությունների դեպքում երեխային պետք է անմիջապես հասցնել հիվանդանոց: Գիտակցության կորստի դեպքում երեխային պետք է պառկեցնել երեսի վրա՝ կիսաթեք դիրքով, որպեսզի լեզուն հետանկումով շնչուղիները չփակի, և երեխան շնչահեղձ չլինի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն