12/08/2023 16:13
Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման գործով նիստը հետաձգվեց, դատավորին բացարկ հայտնեցին (Տեսանյութ)
Դատարան ներկայացված միջնորդությունը հասցեագրված էր ոչ թե Հակակոռուպցիոն դատարանին, այլ՝ Երևանի դատարանին։ Դատավորից անմիջապես պահանջեցինք թողնել առանց քննության, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ժամը 14։00-ից քննվում էր Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը, լրագրողներին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դատավորն ասաց, որ դա տեխնիկական վրիպակ է։ Այս հարցի վերաբերյալ կդիմենք պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի։ Ինքը վարույթ է ընդունում մի միջնորդություն, որն իրեն չի հասցեագրված։
Բացարկ ենք հայտնել դատավորին, հաշվի առնելով այն, որ դատավորի հայրն ու եղբայրը ժամանակին Մարտի 1-ի գործով ենթարկվել են քաղաքական հալածանքների՝ նախկին իշխանությունների կողմից», - ասաց Աթանեսյանը։
Պաշտպանն ասաց նաև, թե նիստի ընթացքում պարզվել է, որ քննիչը միջնորդությանը կից ներկացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
«Հիմա քննիչը պետք է ապոհովի, որ պարոն Աշոտյանը քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանա այդ ամեն ինչին։ Ժամկետը շատ քիչ է, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի՝ ժամը 12։30։ Բուն միջնորդության քննություն տեղի չի ունեցել», -ասաց Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց նաև, որ դատավորին ասել է, թե եթե ինքը քաղաքական հալածանքի է ենթարկվել, պարտադիր չէ, որ ինքն էլ քաղաքական հալածանքի ենթարկի Աշոտյանին։
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին՝ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։
Ավելի վաղ Արմեն Աշոտյանն ասել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա: