12/08/2023 17:30
Արցախի մայրերի անունից խնդրում եմ՝ Արցախին մենակ մի թողեք. մենք նույն անձնագիրը, նույն երազանքներն ունենք
Որդիս սեպտեմբերից պետք է հաճախի զրո դասարան, բայց երեխաս զրկված է կրթության իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Գրենական պիտույքներ գտնելը, մեղմ ասած, դարձել է անհնար, կա նաև համապատասխան հագուստի խնդիր, հնարավոր է, որ ՀԿ-ի շրջանակում արշավ նախաձեռնենք՝ այն մայրերը, որոնց երեխաներն արդեն մեծ են, գուցե խնամքով պահած հագուստ ունենան, պատրաստ լինեն այդ հագուստը նվիրելու փոքրահասակ դպրոցականներին, Aysor.am-ի հետ զրույցում նշում է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր Տաթիկ Խաչատրյանը։
«Շատ լավ գիտակցում ենք, որ եղանակը փոխվելուն պես խնդիրներն առավել սուր են արտահայտվելու։ Իհարկե, առաջնայինը երեխաների թերսնման խնդիրն է։ Հինգ տարեկան տղայիս համար, որ քչակեր է ու ամեն ինչ չէ, որ ուտում է, շատ դժվար է նախընտրած մթերքները գտնել։ Այսօր տեղեկացանք, որ Ստեփանակերտի ծայրամասում կաթ կա, ամուսինս հեծանիվով գնաց, կաթը բերեց, որ երեխայի համար մածուն պատրաստեմ. դա միայն այսօր հնարավոր եղավ։
Մարդիկ արդեն հարկադրաբար սկսել են ապրանքներ փոխանակել․ դա գուցե պրակտիկ լուծում է, բայց ես հաշտ չեմ դրա հետ։ Մենք մայերրի համայնքով փորձում ենք ոչ թե փոխանակումներ անել, այլ օգնել միմյանց՝ ով ինչով կարողանա։ Քաղցրավենիք չկա, միրգ գտնելը նույնպես խնդիր է դարձել․ եթե անգամ հաջողվում է գտնել, անպայման պահում ենք երեխաների համար»։
Տաթևիկն ընդգծում է՝ պակաս մտահոգիչ չէ՝ ինչպես են երեխաները, տրանսպորտի բացակայության պայմաններում, կիլոմետրերով ճանապարհ ոտքով անցնելու՝ դպրոց հասնելու համար․
«Մենք մղձավանջում ենք, որը կարծես վերջ չունի, զինված ադրբեջանցիներով շրջափակված ենք, տեսնում ենք, որ պատանդի կարգավիճակում ենք, տեսնում ենք, որ ցանկացած պահի կարող ենք զոհ դառնալ՝ ինչպես առևանգված Ռաշիդն ու Վագիֆը։ Եթե այսպես շարունակվի, Արցախում «ջունգլիների օրենքն» է գործելու, հասկանալի է՝ սեփական երեխայի համար հացի խնդիր չլուծելու դեպքում մարդկանց լավագույն կողմերը չէ, որ դրսևորվելու են, բայց անգամ այս պայմաններում հազարավոր են օրինակները, որ մարդիկ վերջին կտոր հացը կիսում են։ Այստեղ փորձում ենք հուսադրել ինքներս մեզ, թե այս զրկանքներով ապրելը ինքնին պայքար է, բայց հենց անորոշությունն է, որ հուսահատեցնում է։ Լավ կլիներ՝ հստակ ձևակերպումը, օրակարգը տրվեր՝ հանուն ինչի ենք անցնում այս անմարդկային զրկանքների միջով։
Տնտեսությունը ոչնչացված է, կան տներ, որտեղ ընտանիքի երկու կերակրողներն էլ կորցրել են աշխատանքը, անգամ այդ պայմաններում մարդիկ լուռ տառապում են, ցամաք հացով ապրում՝ հուսալով, որ ճանապարհը կբացվի, նորից աշխատանք կունենան։
Պետք էր առավել արդյունավետ կառավարում իրականացնել, պիտի ավելի հեռուն նայեինք, սեղմենիք օղակը՝ առավել երկար ժամանակ դիմադրելու համար։ Երբ իմանայինք մեր անելիքն ու դերը, կզգայինք, որ պայքարի մեջ ենք, պայքարի կողմ ենք։ Այս պայմաններում մեզ միայն պատանդ ենք զգում, թեև պետք է նշել, որ այս պայմաններում ապրելն արդեն հերոսություն է։
Երբ ՀՀ-ում ապրող ծանոթ մարդիկ հարցնում են՝ ինչ անել, հորդորում ենք պատմել Արցախում ստեղծված դրության մասին։ Հատկապես կարևոր է այդ պատմությունները հասցնել միջազգային լրատվամիջոցներին։ Պետք է ցավով նշեմ, որ անգամ այս պայմաններում լինում է, որ մարդիկ Հայաստանից գրում են, տալիս այնպիսի հարցեր, որ միանգամից հասկանալի է դառնում՝ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում Արցախում, մինչդեռ պատերազմի օրերին այդ պատկերը չէր։
Մենք նույն անձնագիրն ու նույն երազանքներն ունենք, նույն արյունն է հոսում մեր երակներում։ ՀՀ-ում իշխանությունը կեղծ օրակարգերով փորձում է մոլորեցնել հանրությանը, թե Արցախը հանձնելով՝ փրկելու են Հայաստանը։ Դա մեծագույն խաբեություն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն Երևանն են սեփականաշնորհում։
Տեսանելի է, որ Հայաստանում մարդիկ հուսահատված են։ Շատերը որոշել են, որ ոչինչ չեն կարող փոխել, սեփական կյանքով ապրում են, բայց եթե ես այս օրերին Արցախից դուրս լինեի, ամեն տեսակ դուռ կթակեի։ Հուսահատված, թևաթափ եղած մարդկանց Արցախի մայրիկների անունից խնդրում եմ՝ մեզ մենակ մի թողեք, եթե անգամ թվա, որ ինչ էլ անեք քիչ է, հաստատ ոչինչ չանելուց լավ է, և հետո՝ այս իրավիճակում անգամ ապրումակցման, քաջալերման խոսքերն են մեզ դարմանում»։