12/08/2023 17:44
Ռուսաստանն անպատասխան չի թողնի Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի գրոհի փորձը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը խստորեն դատապարտում է և անպատասխան չի թողնի քաղաքացիական օբյեկտ հանդիսացող Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի գրոհի փորձը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ՊՆ հայտարարել էր, որ ուկրաինական կողմը հարվածայինի ձևափոխված С-200 հրթիռի միջոցով փորձել է գրոհել կամուրջը, սակայն հրթիռը խոցվել է, տեղում ավերածություններ չեն եղել։ Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
«Վճռականորեն դատապարտում ենք այդ ահաբեկչական գործողությունները, Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածի օբյեկտ է, որի ուղղությամբ գրոհներն անթույլատրելի են»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ուկրաինական կողմի այս գործողության վրա հրավիրելով նաև միջազգային հանրության ուշադրությունը։
«Այս բարբարոսական գործողություններն արդարացում չունեն և անպատասխան չեն մնա»,- նշված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում։