12/08/2023 18:52
Ամերիկացիները հոգնել են հակամարտություններ ֆինանսավորելուց․ Կոնգրեսականները կոչ են ուղղել Բայդենին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության 12 օրենսդիրներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով նրան հետ կանչել Ուկրաինային հրատապ օգնություն և այլ տիպի աջակցություն ցուցաբերելու համար լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու մասին առաջարկը, որը Կոնգրեսին ուղղել է Բայդենի վարչակազմը։ ԱՄՆ նախագահին ուղղված նամակի տեքստը հրապարակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ուորրեն Դևիսը։
«Խնդրում ենք հետ կանչել լրացուցիչ ծախսերի մասին ձեր առաջարկն ու պահպանել Ֆինանսական պատասխանատվության մասին օրենքով սահմանված ծախսերի սահմանաչափերը»,- նշված է նամակում։
Օրենսդիրները նշել են նաև, որ «ամերիկացիները հոգնել են հակամարտություններ ֆինանսավորելուց»։
«Ամերիկացիները հոգնել են անվերջ ձգվող պատերազմներ ֆինանսավորելուց և ցանկանում են, որ տարվի այնպիսի քաղաքականություն, որը ոչ միայն կվերականգնի Վաշինգտոնի «ֆինանսական ողջախոհությունը», այլև ԱՄՆ-ին ու ԱՄՆ քաղաքացիների շահերը կդիտարկի որպես առաջնահերթություն»,- նշել են կոնգրեսականները։
Նշենք, որ Բայդենի վարչակազմը օգոստոսի 10-ին Կոնգրեսին խնդրանք է ուղղել՝ դաշնային բյուջեից, որպես լրացուցիչ ծախս, 13 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն, ինչպես նաև 8,5 միլիարդ ուղղել Ուկրաինային և այլ պետությունների՝ այլ տիպի աջակցության համար։