13/08/2023 19:51
Չեխիայում բանանի արկղերում 646 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել
Պրահայի մերձակայքում գտնվող Կլեցանի բնակավայրում՝ «Albert» առևտրային ցանցի դիստրիբյուտորական կենտրոնում 646 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է չեխական Nova հեռուստաալիքը՝ վկայակոչելով Չեխիայի թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծառայության մամուլի քարտուղար Լուցիա Շմոլդասովային։
Նշվում է, որ դիստրիբյուտորական կենտրոնի աշխատակիցները, բանանների արկղերը բեռնաթափելիս, դրանցում կասկածելի փաթեթներ են հայտնաբերել և դիմել են ոստիկանություն։
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ փաթեթներում առկա է թմրամիջոց՝ կոկաին, ընդհանուր առմամբ՝ մոտ 646 կիլոգրամ»,- ասել է Շմոլդասովան։
Նրա խոսքով՝ հայտնաբերված կոկաինը սև շուկայի գներով՝ մոտ 2 միլիարդ կրոնի է, կոկաինի այս խմբաքանակը Չեխիայում հայտնաբերված ապօրինի թմրանյութերի խմբաքանակներից ամենամեծերից մեկն է համարվում։
Նշվում է նաև, որ բանանի արկղերը, որոնց մեջ կոկաին է եղել, Չեխիա են հասել Էկվադորից՝ Ամստերդամով։