14/08/2023 22:30
Լաբիրինթիտ. Ականջի բորբոքումը կարող է պայմանավորված լինել որևէ վարակի ներթափանցմամբ
Լաբիրինթիտը ներքին ականջում հավասարակշռության կենտրոնի՝ անդաստակային ապարատի բորբոքումն է:
Այն սովորաբար առաջանում է որևէ վարակի ներթափանցման հետևանքով: Ախտանիշներից են լսողության կորուստը, պտտվելու զգացողությունը և գլխապտույտը:
Լաբիրինթիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային վարակն է, օրինակ՝ մրսածություն կամ գրիպ, հերպեսի խմբի վիրուսներ, որոնք առաջացնում են ջրծաղիկ, գոտևորող հերպես կամ հասարակ հերպես: Երբեմն լաբիրինթիտի կարող է բերել ականջի վարակը:
Ավելի հազվադեպ, լաբիրինթիտ կարող են առաջացնել բակտերիալ վարակները, օրինակ՝ մենինգիտ կամ միջին ականջի վարակ (միջին օտիտ), որոշ աուտոիմուն հիվանդություններ, ալերգիաներ և դեղեր:
Լաբիրինթիտով բազմաթիվ մարդիկ գանգատվում են`«սենյակն իրենց շուրջը պտտվելու» զգացողությունից: Սա գլխապտույտի առանձնահատուկ տեսակ է՝ հայտնի որպես վերտիգո: Վերտիգոն կարող է լինել թույլ կամ այնքան անտանելի, որ հիվանդը դժվարանա անկողնուց վեր կենալ:
Այլ հնարավոր ախտանիշներից են՝
սրտխառնոց, որը նման է ծովային հիվանդությանը,
շրջապատի առարկաների շարժման կեղծ զգացողություն,
աչքերի անկառավարելի շարժումներ,
հավասարակշռության խանգարում,
ջերմություն,
ականջացավ,
փսխում,
լսողության կորուստ կամ աղմուկ ականջներում (զնգոց կամ տինիտուս),
ականջից հեղուկ կամ թարախային արտադրություն,
տեսողության խանգարումներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն:
Լաբրինթիտի ախտորոշումը կատարվում է ականջաբանի խորհրդատվությամբ, ստուգելով՝
լսողությունը,
տեսողությունը,
արյան ճնշումը,
հավասարակշռությունը։
Բժիշկը կարող է առաջարկել նաև այլ հետազոտություններ, օրինակ՝
էլեկտրոէնցեֆալոգրաֆիա,
համակարգչային տոմոգրաֆիա,
մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:
Լաբիրինթիտի ոչ բոլոր դեպքերն են, որ պահանջում են բուժում:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներեր, օրինակ՝
կորտիկոստերոիդներ, որ մեղմացվի միջին ականջի բորբոքումը
ծանր վերտիգոյի դեպքում՝ հավասարակշռության կենտրոնը ճնշող դեղեր (վեստիբուլյար սուպրեսանտներ),
սրտխառնոցի կամ փսխման դեպքում՝ հակափսխեցուցիչ դեղեր:
Եթե ախտանիշները չեն վերանում, բժիշկը կարող է նշանակել ֆիզիոթերապիա, որն օգնում է գլխուղեղի կողմից միջին ականջից ստացվող հավասարակշռության ազդանիշների ճիշտ վերլուծությանը:
Գանգատների մեղմացմանը կարելի է հասնել հետևյալ միջոցներով՝
գլխապտույտի նոպայի ժամանակ պառկել կողքի վրա,
խուսափել ալկոհոլիցմ
շատ ջուր խմել,
ստեղծել անաղմուկ և հանդարտ միջավայր,
խուսափել վառ լույսերից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։