14/08/2023 20:14
Արցախցիների անկոտրում կամքը հունից հանում է Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը, Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվությունն ակտիվացնելուց բացի, առաջնագծի որոշակի ուղղություններով է ակտիվացել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ակտիվությունը դրսևորվում է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներով, այլև որոշակի շարժերով։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը ադբեջանական ակտիվությունը պայմանավորեց նաև այն հանգամանքով, որ շրջափակման դաժան պայմաններում արցախցիներն անկոտրում կամք են դրսևորում, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին, հունից հանում է նրան։
«Նույնիսկ այսօր ստեղծված ծանր իրավիճակում, երբ ակնհայտորեն անմարդկային պայմաններ են Արցախում, մարդիկ իրենց նպատակները, իրենց սկզբունքները պահելու համար, իրենց գոյությունը պաշտպանելու համար, փաստացի, թքած ունեն ամեն ինչի վրա՝ անկախ նրանից, թե ինչ է արտահայտում միջազգային հանրությունը, ինչ քայլերի է դիմում Ադրբեջանը, ինչպիսի լուռ համաձայնությամբ է այդ ամենի համար կանաչ լույս վառում Հայաստանի իշխանությունը, և սա, բնականաբար, հունից հանում է Ադրբեջանին»,- ասաց Աբրահամյանը։
Մեկ այլ գործոն էլ, նրա խոսքով, այն է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շրջանակներում մի կողմից առկա է Ադրբեջանի առավելապաշտությունը՝ ստանալ ամեն ինչ, մյուս կողմից էլ Հայաստանի գործող իշխանությունների մտավախությունը, որ շարունակվող մեծաթիվ կորուստներն ու Ադրբեջանին իրենց տված խոստումները Հայաստանում կարող են նոր իրավիճակ ստեղծել, ինչն իրենց համար կարող է իշխանությունը կորցնելու գին ունենալ։
«Իսկ քանի որ այս իշխանության համար կարևորը ոչ թե պետությունն է, պետականությունը, հայկականությունը, այլ սեփական իշխանությունը պահպանելը, ապա դա բերելու է այդ իրավիճակի որոշակի դանդաղեցմանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ կարծիք հայտնելով, որ ընթացող զարգացումները այս պայմաններում նոր էսկալացիայի չեն հանգեցնի, բայց լարվածության դինամիկա, այնուամենայնիվ, առկա է։