14/08/2023 15:35
Արթուր Վանեցյան. Ընտրություններին կմասնակցեինք, եթե դա դառնար ամբողջական իշխանափոխության առաջին քայլը
Aysor.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
- Պարոն Վանեցյան, տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Դուք մտադիր եք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին՝ սոցհարցումներում Ձեր անունն անընդհատ նշվում էր պոտենցիալ քաղաքապետի թեկնածուների թվում, իսկ դրանց արդյունքում բավականին բարձր վարկանիշ ունեիք։ Սակայն ոչ Դուք, ոչ Ձեր գլխավորած կուսակցությունը հայտ չներկայացրեցիք մասնակցելու ընտրություններին։ Ի՞նչն էր պատճառը, քաղաքականությունից դուրս եք գալի՞ս։
- Երևի թե սկսեմ վերջից։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, և նման «շռայլություն» ինձ թույլ տալ չեմ կարող։ Մեր հայրենիքը՝ ներառյալ Արցախը, մեր ժողովուրդն այնպիսի ծանր շրջան է ապրում, որ որևէ ողջամիտ ու պատասխանատու մարդ չի կարող անտարբեր լինել ու որոշել չզբաղվել քաղաքականությամբ։ Ես քաղաքականության մեջ եմ, և լինելու եմ այնքան, մինչև հասնեմ իմ առջև դրված խնդիրների լուծմանը։ Մանրամասնել չեմ ուզում, դրա մասին շատ եմ խոսել։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին։ Այո, Դուք ճիշտ եք՝ ես և «Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի. նկատի ունեմ որևէ մեկին աջակցելը կամ օգնելը։
- Բայց Դուք հայտարարել էիք, որ «Հայրենիք» կուսակցությունն ու անձամբ Դուք անտարբեր չեք լինելու քաղաքական գործընթացներից։ Ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել։
- Ես նախկինում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում՝ եթե միասնական ճակատ չի ձևավորվում, իշխանությունն ինչ թեկնածու էլ դնի, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, այդ ընտրություններում հաղթելու է։ Այնպես որ՝ Ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Կարող եմ նաև կրկնել, որ որևէ իրական քաղաքական գործընթացից մենք չենք խուսափելու։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններն այսօրվա պայմաններում քաղաքական գործընթաց անվանել չի կարելի։ Թող ինձ ներվի, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Երևանի ավագանու ընտրությունները ներկա պայմաններում կարելի է ընդամենը որակել որպես Երևանում շինթույլտվություն տալու և աղբահանություն կազմակերպելու իրավունքի մրցարշավ։ Ոչ մի քաղաքական բաղադրիչ։ Հայ ժողովրդի մի հատվածը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, Հայաստանի էական հատվածներ օկուպացված են և նոր ագրեսիան իրեն զգացնել է տալիս, այդ պայմաններում Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը վերջին «Գազելն» է վարում, մյուսը խոստանում է ռևերսային ճանապարներ, մեկ ուրիշը մարդկանց խոստանում է ճոպանուղիներ կառուցել, չորրորդն անվճար հասարակական տրանսպորտ է խոստանում և այսպես շարունակ։ Չեմ ասում, որ հասարակական տրանսպորտի խնդիրը պետք չէ լուծել, ընդհակառակը։ Բայց այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ, այլ՝ Սկանդինավներում, Արցախն էլ ոչ թե շրջափակման մեջ է, այլ՝ դարձել է Լյուքսեմբուրգը։ Նորմա՞լ է սա։ Նորմա՞լ է, որ ցեղասպանության իրական վտանգի պայմաններում խոսենք խցանումների մասին։ Նորմա՞լ է, որ Արցախում երեխաները սնունդ չունեն, բայց մենք քննարկում ենք հասարակական տրանսպորտի հարցը։
- Դուք կարող էիք մասնակցել և ապահովել քաղաքական բաղադրիչը։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի մասնակցել գործընթացին, ու օրակարգը փոխել։
- Մասնակցելն ինքնանպատակ լինել չի կարող։ Ես և մյուս գործընկերներն այդ բաղադրիչը կարող ենք ապահովել նույնիսկ առանց մասնակցելու։ Հարցը դրանում չէ։ Հարցն այն է, որ այո, կար հնարավորություն՝ Երևանի ավագանու ընտրություններն օգտագործել որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ ու միասնական ճակատով պայքարել իշխանության դեմ։ Ոչ թե մրցակցության մեջ մտնել Երևանի քաղաքապետի աթոռի համար, այլ՝ պայքարել իշխանության դեմ։ Բայց գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողներ նման նպատակ չունեն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ կան ուժեր, որ իրոք դեմ են Նիկոլի Փաշինյանին, բայց որոշները պարզապես նրա ընդդիմություն են խաղում։ Մեծ հաշվով հենց վերջիններն էլ խափանեցին, որպեսզի Երևանի ընտրությունները դառնան իշխանության դեմ պայքարի միասնական ճակատ։
- Որո՞նք են այդ ուժերը։
- Կարող եմ հուշել. բոլոր նրանք, ովքեր հիմնական խնդիրները՝ արցախահայության լինելության խնդիրը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, մեր բանակի ու պաշտպանվածության խնդիրները և այլն, մի կողմ կթողնեն ու կսկսեն խոսել աղբահանությունից, հասարակական տրանսպորտից, երթևեկությունից ու վերելակներից, համարեք, որ այդ ուժերը ընդունում են կամ առնվազն համակերպվել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ և ընդամենը փորձում են ընդդիմություն խաղալ։ Իսկ որ ընտրություններում այդ ուժերը պարտվելու են, ես կասկած չունեմ։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն այսօր այլևս մերժված են լայն հասարակության կողմից, բայց միևնույնն է՝ իշխող ուժը ոչ մի գնով ընտրությունները տանուլ չի տալու։ Իմ խորին համոզմամբ՝ ցավոք սրտի, ընտրություններում իշխանության թեկնածուի հաղթանակն անխուսափելի է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրա համար ու արդյունքն էլ սկսելու է հրապարակավ մանիպուլացնել, թե ժողովրդի լայն աջակցություն ունի։ Բնականաբար, նրա օտարերկրյա տերերը, որ մեծ ակնկալիք ունեն այսպես կոչված, խաղաղության օրակարգից, ոչ միայն աչք են փակելու ցանկացած ապօրինության վրա, այլև հնարավորինս օգնելու են, որ իշխանությունը երկրի ներսում խնդիր չունենա։
- Այդ դեպքում Դուք ի՞նչ պետք է անեք։ Եթե մի կողմից համաձայն չեք Փաշինյանի օրակարգին, բայց մյուս կողմից՝ չեք մասնակցում ընտրություններին, ապա ո՞րն է Ձեր անելիքը, ինչպե՞ս եք փորձելու հասնել Ձեր նպատակին։
- Ընտրությունները կարող էին միասնական ճակատ ձևավորելու լավ հարթակ լինել։ Ընդամենը։ Հետևաբար դրանց չմասնակցելով ոչ մենք, ոչ էլ մեր կարծիքը կիսող քաղաքական ուժերը ոչինչ չեն կորցնում։ Վստահ եմ, որ հակաիշխանական միասնական ճակատը շատ մոտ ապագայում կձևավորենք և կկանխենք այն կործանարար գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունների թողտվությամբ արդեն իսկ հասնում են գագաթնակետին։