14/08/2023 22:10
«Կարեն Բեքարյանն ու մյուսներն անմեղ էին, և արդարությունը վաղ, թե ուշ վերականգնվելու էր»․ Փաստաբանը հայտնել է՝ «Ֆեյքի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է
Ավելի քան 2 տարի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննության արդյունքներով «Ֆեյքի» գործով դադարեցվեց քրեական հետապնդումը Կարեն Բեքարյանի նկատմամբ, հայտնում է փաստաբան Գոռ Միքայելյանը։
«Որքան էլ Կարեն Բեքարյանի ու մյուսների անմեղությունը, հակառակ բոլոր կանոնների, ստիպված էր ապացուցել պաշտպանության կողմը, այնուամենայնիվ, եթե նույնիսկ դրա համար ջանքեր չգործադրվեին, գործի նման ելքը կանխատեսելի էր ու կասկած չէր հարուցում: Կարեն Բեքարյանն ու մյուսներն անմեղ էին, ու արդարությունը վաղ, թե ուշ վերականգնվելու էր:
Մի բանի համար եմ շնորհակալ քննչական մարմնին, որ թեև «վատ» առիթով, բայց հնարավորություն տվեց ինձ ճանաչելու Կարեն Բեքարյանի պես հայրենասեր, պարկեշտ ու ազնիվ անձնավորության, ումից սովորելու շատ բան կա, նույնիսկ իրավաբանության ոլորտում»,- գրել է փաստաբան Գոռ Միքայելյանը։