14/08/2023 19:17
Իրանը Ռուսաստանում ցուցադրել է իր ԱԹՍ-երը, հրթիռային համակարգերը
Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում Իրանը ներկայացրել է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Shahin» անօդաչու թռչող սարքը, ինչպես նաև ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
Մասնավորապես, ցուցադրվել են «Arash», «Ababil-5», «Karrar» անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի «Hunter-2» համակարգը, որը ինքնաթիռի տիպի անօդաչու սարքերը հայտնաբերում է մինչև 200 կմ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է ցուցադրությանը ներկայացված «Shahin» ԱԹՍ-ին, որը համարվում է Իրանի արտադրած առաջին էլեկտրոնային անօդաչու թռչող սարքը, ապա այն հագեցած է հինգ էլեկտրոնային շարժիչներով և կարող է շարժման մեջ գտնվել երկու-երեք ժամ շարունակ, թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 4 կմ է։
Ռուսաստանում Իրանը ցուցադրել է նաև իր GB125 կառավարվող ռումբերը, Yasin մարտական ուսումնական ինքնաթիռը, ռազմական մոտորանավակներ, СМ-300 հականավային թևավոր հրթիռային համակարգը:
Ցուցահանդեսում Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Իրանը բաց է Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համար։
Նշենք, որ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն անցկացվում է օգոստոսի 14-ից 20-ը՝ ռուսական «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում՝ Ալաբինո պոլիգոնում և Կուբինկա օդանավակայանում: Ցուցահանդեսին և ֆորումին մասնակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 1 500 առաջատար ձեռնարկություններ, որոնք ներկայացնում են ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ավելի քան 28 500 ժամանակակից նմուշ։