14/08/2023 16:18
Արցախում իրականացվում է ցեղասպանություն․ ՄՔԴ-ի նախկին դատախազ
Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը և պատժել այն: Այդ երկրների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։
Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով։
Օկամպոն նշել է նաև, որ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան մանրամասնորեն սահմանում է ցեղասպանության հանցագործությունը, այդ թվում՝ որպես «որևէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»: Այսպիսով, նա պարզաբանել է, որ ցեղասպանություն կարելի է համարել ոչ միայն մարդկանց զանգվածային ոչնչացումը, այլև նրանց զանգվածային մահվան համար պայմանների ստեղծումը։
Նման պայմաններ, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, արդեն ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար` սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտություն ունեցող պաշարներ մատակարարելու միակ ազատ միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով:
Նրա խոսքով՝ դեռ հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձևերը, ինչպիսիք են զանգվածային սպանությունները կամ մարմնական և հոգեկան խեղումները: