14/08/2023 17:49
Երիկամաքարային հիվանդություն. Ուրոլոգ-անդրոլոգ Դավիթ Տոնոյանը՝ առաջացման պատճառների ու բուժման մեթոդների մասին (Տեսանյութ)
Հայաստանը, գտնվելով երիկամաքարային հիվանդության էնդեմիկ գոտում, ունի անհրաժեշտ բժշկական միջոցներն ու եղանակները՝ խնդրի ախտորոշման, բուժման և կանխարգելման գործում։
Aysor.am-ը երիկամաքարային հիվանդությունների առաջացման, ախտանշանների և բուժման ժամանակակից մեթոդների մասին խոսել է բժիշկ, անդրոլոգ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։
- Ինչի՞ց են առաջանում երիկամային քարերը, կա՞ արդյոք ժառանգական նախատրամադրվածություն։
- Երիկամաքարային հիվանդություն ունենում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, և այդ խնդրով զբաղվում է բժիշկ-ուրոլոգը։
Մեր երիկամը անընդհատ ֆիլտրում է ինչ-որ նյութեր, այդ նյութերը նստվածք են թողնում երիկամի պատերի վրա և կուտակվելով ձևավորում են քարեր. մի քանի միլիմետրանոց գոյացություններն անվանում ենք ավազ, իսկ մնացածը՝ քար։
Ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի, բայց ոչ թե հիվանդությունն է ժառանգվում, այլ, տվյալ դեպքում, ռիսկն է բարձրանում. երբ նրանք խախտում են առողջ ապրելակերպի կանոնները, ապա ավելի հավանական է, որ իրենց մոտ կզարգանա խնդիր։
- Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում երիկամաքարային հիվանդությունը, առանց հետազոտության հիվանդը կարո՞ղ է հասկանալ, որ իր մոտ կա խնդիր։
- Ախտանիշներ որպես այդպիսին չկան, երիկամն ինքնին ներվավորում չունի, բայց եթե քարը շարժվեց դեպի ավազան, դեպի միզածորան, այն կուղեկցվի անտանելի ցավերով, մեզում ևս կարող է դիտվել արյուն։
- Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի հիվանդը՝ խնդրի ախտորոշման համար և ու՞մ դիմի։
- Եթե կա երիկամաքարային խիթ, առաջին հերթին պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, անհրաժեշտ կլինեն նաև մեզի ընդհանուր և մանրէաբանական քննություն։ Խնդրի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի-ուրոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
- Ի՞նչ եղանակներ կան երիկամային քարերի հեռացման համար։
- Հիմնականում կիրառվում են ժամանակակից էնդոսկոպիկ միջամտությունները։ Նախ անհրաժեշտ է ԿՏ հետազոտություն, որը ցույց կտա քարի պնդությունն ու հստակ տեղակայումը, ըստ այդմ էլ կընտրվի քարափշրման մեթոդը։ Իսկ եթե շատ մեծ է քարը, այդ ժամանակ կարելի է դիմել բաց վիրահատական մեթոդներին։ Երիկամաքարային հիվանդությունը բուժում չունի, մենք այդ պահին քարն ենք վերացնում, այլ ոչ թե դրա առաջացումը։
- Ինչպե՞ս կարելի է կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը։
- Խնդրի զարգացման կանխարգելման գործում մեծ դեր ունի ջրի անհրաժեշտ պաշարների օգտագործումը, որպեսզի նստվածք չառաջանա։ Կիլոգրամ քաշին պետք է օգտագործել 30մլ ջուր, այսինքն քաշը բաժանել 0.03 և որոշել ջրի պաշարը։
Մենք գտնվում ենք երիկամաքարային հիվանդության էնդեմիկ գոտում, քանի որ սառնորակ տարբեր աղբյուրների ջրեր ենք օգտագործում, որոնց մեջ մեծ քանակությամբ կրիստալոիդներ կան։ Իհարկե, այդ նյութերը օգտակար են մեր օրգանիզմին, բայց միևնույն ժամանակ բարձրացնում են երիկամաքարային հիվանդության ռիսկը։
Զրույցի վերջում բժիշկը հորդորեց չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ քարերի տարբեր տեսակներ կան, որոնցից մի քանիսն են հալվող և այն, ինչ սխալմամբ ընդունում են հիվանդները՝ դրանք հալեցնելու և օրգանիզմից դուրս բերելու համար, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ լյարդի և երիկամների վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն