15/08/2023 10:01
«Ժողովուրդ». Էդուարդ Մադաթյանը իր վրա՞ է վերցրել «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ծախսը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին՝ Սարգիս Մադաթյանը: Վերջինս «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա հորեղբայրը՝ Էդուարդ Մադաթյանն է միջնորդել Արամ Սարգսյանի մոտ, որպեսզի նրան ընդգրկի կուսակցության նախընտրական ցուցակում:
Մեր տեղեկություններով՝ Էդուարդ Մադաթյանն էլ, որպես շնորհակալություն, իր վրա է վերցրել «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի հետ կապված ողջ ֆինանսական ծախսը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը այս առիթով ասաց. «Սարգիս Մադաթյանն արդեն 1 տարուց ավել է՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, միջնորդելու կարիք չունի, նա կայացած և ինքնուրույն մարդ է: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, «Հանրապետություն» կուսակցությունը ֆինանսավորման կարիք չունի. եթե որևէ խնդիր էլ լինում է, դրամահավաքների և ընկերների օժանդակությամբ է ընտրություններին մասնակցում, ինչպես մյուս բոլոր ընտրություններին է մասնակցել: Այս տարի, ավելին ասեմ, պետական ֆինանսավորում ունի կուսակցությունը, ուստի ֆինանսավորման խնդիր չունի: Սարգիս Մադաթյանն էլ, ինչպես մեզանից ցանկացածը, իր ցանկության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրում է, բայց Էդուարդ Մադաթյանը որևէ կերպ չի խառնվում ֆինանսական հարցերին»»։