15/08/2023 16:30
Ողջունելի է, որ միջազգային ԶԼՄ-ները ակտիվորեն շարունակում են անդրադառնալ Արցախի շուրջ իրավիճակին. Արցախի նախագահ
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Այս մասին գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը եւ գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների եւ հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:
Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը եւս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր զարգացումներին:
Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «Շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը եւ այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:
Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետեւողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը եւ ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»: