15/08/2023 13:10
Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս
Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են 10,3 տոկոսով:
Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը սահմանափակեց, այնուհետև ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Գնաճը զսպելու համար Արցախի կառավարությունը գների առավելագույն շեմ է սահմանել առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների համար։ Չնայած Կառավարության ձեռնարկած քայլերին՝ Արցախի բնակիչները հաճախակի բարձրաձայնում են այն մասին, որ սահմանված առավելագույն շեմից բարձր գներով ապրանքներ են վաճառվում։ Արցախի կառավարությունը պարբերաբար անդրադառնում է թեմային՝ շուկայում ստուգումներ անցկացնելու եղանակով, ինչպես նաև քաղաքացիներին հորդորում է նման դեպքեր նկատելու դեպքում անմիջապես տեղյակ պահել պատկան մարմիններին։