15/08/2023 00:22
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերջնական շահառուն երկրի ներկայիս իշխանություններն են․ Փաստաբան Բենիկ Գալստյան
Այս պահին Արմեն Աշոտյանը գտնվում է դատարանում, սպասում ենք դատարանի որոշման հրապարակմանը, լրագրողներին հայտնեց փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցի քննությունը, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման կոնկրետ ժամ չի նշվել, քանի որ, ինչպես նշեց փաստաբան Գալստյանը, պաշտպանական կողմը դատավորին մեծ ծավալի ինֆորմացիա է ներկայացրել, որը պետք է քննության առարկա դարձվի։
«Դատարանը շատ մտածելու բան ունի մեր ասածների հետ կապված»,- հավելեց փաստաբանը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, Բենիկ Գալտսյանն արձագանքեց՝ եթե զուտ իրավական տիրույթում հարցը դիտարկվի, միանշանակ, կալանքի միջնորդությունը պետք է մերժվի․ այդ միջնորդությունը չպիտի բերվեր էլ, Աշոտյանը չպետք է կալանավորվեր։
«Բայց ունենք ակնհայտ քաղաքական տարրեր պարունակող քրեական հետապնդում, և դա մեղմ եմ ասում, ու այդ հանգամանքը մենք իրավական տիրույթում ապացուցելու ենք»,-ընդգծեց փաստաբանը։
«Ես քաղաքական հետապնդում ասելով՝ նկատի ունեմ քաղաքական հետապնդման իրավական կոնցեպցիան, քաղաքական բանտարկյալի իրավական կոնցեպցիան, որն ամրագրված է ԵԽԽՎ մի շարք բանաձևերով, մասնավորապես՝ 2012թ․ կայացված 19․00 բանաձևով»,- մանրամասնեց նա։
Փաստաբանը հայտարարեց՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։
«Մենք՝ պաշտպանական կողմը, վաղ, թե ուշ, ու դա լինելու է վաղ, հաստատելու ենք, որ Արմեն Գևորգի Աշոտյանը հանդիսանում է քաղբանտարկյալ։ Վերջինիս նկատմամբ հետապնդումը իրականացվում է քաղաքական մոտիվներով։ Այսինքն՝ նրա հետապնդումն իրականացվում է որոշակի պաշտոնատար անձանց ձեռքերով, բայց այդ հետապնդման վերջնական շահառուն հանդիսանում են երկրի ներկայիս քաղաքական իշխանությունները»,- ասաց Բենիկ Գալստյանը։