15/08/2023 11:03
Արցախում վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ․ IPS-ի անդրադարձը
Արցախում միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ, գրում է IPS-ը՝ Արցախում ստեղծված մարդասիրական բարդ իրավիճակի մասին պատմող իր հոդվածում։
Լրատվամիջոցը գրում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է բնակչության գրեթե ամբողջական էթնիկ բաժանման։
Արցախի ներսում իրավիճակը օրեցօր վատանում է։ «Ավելացել է վիժումների թիվը դեղերի պակասի, սթրեսի և անհավասարակշիռ սննդակարգի պատճառով։ Ե՛վ մայրերը, և՛ նորածինները բարձր ռիսկի են ենթարկվում», - IPS-ին ասել է Ստեփանակերտի Մայրության և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը:
«Միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ»,- զգուշացրել է բժիշկը։
Երկու երեխաների մայր և իր երրորդ երեխային սպասող Ալյոնա Գրիգորյանը լիովին գիտակցում է վտանգները։ Հղիության հետ կապված խնդիրներ ունենալուց հետո նա մեկուկես ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հսկողության ներքո։
Նա ասում է, որ պտուղը լավ վիճակում է, բայց իրեն պետք է հավասարակշռված դիետա, վիտամիններ և դեղամիջոցներ, որոնք անհնար է գտնել:
«Իմ 3-ամյա երեխան օրեր առաջ ջերմություն ուներ, և քանի որ մենք չէինք կարողանում դեղամիջոցներ գտնել, ստիպված եղանք դիմել ավանդական միջոցների՝ ջերմությունը իջացնելու համար սառը թրջոցներ դնելով»,- պատմել է հայուհին IPS-ին։
Գրիգորյանը հղիության հարցում մատնանշում է «լրացուցիչ մարտահրավերները», սակայն մտահոգված է նաև իր երկու երեխաների հոգեկան առողջության համար։ «Ընդամենը երեք և վեց տարեկանում նրանք արդեն գիտեն, թե ինչ է պատերազմը և շրջափակումը», – ցավով փաստում է նա:
Անհատական հիգիենայի պարագաների սուր պակասը նոր վտանգ է ներկայացնում նաև պաշարված անկլավի կանանց համար։
Միջազգային առողջապահական կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, զգուշացնում են, որ անվտանգ և մատչելի սանիտարական նյութերի սահմանափակումը ավելացրել է առողջական խնդիրների, ներառյալ՝ դեպրեսիան, վարակները և առողջական այլ ռիսկերը։