15/08/2023 15:37
Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը․ Հայտարարություն
«Միասին» շարժումը հայտարարություն է տարածել․
Վեց ամիս առաջ «Միասին» շարժման խորհուրդը դիմել էր իշխանություններին՝ հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ նիստ հրավիրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Ցեղասպանական գործողությունները Արցախի 120 հ․ բնակչության նկատմամբ բացահայտ էին։
Մեզ չլսեցին։ Ուշացումով դիմել են։ Վաղը հրատապ նիստը նշանակված է։ Մինչ այդ երկու բախտորոշ հայտարարություններ են պահանջվում։
1․ Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։
Պարզից պարզ է՝ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ինչ «տարբերություն», որ ճանապարհով օգտվեն այդ երկրի բնակիչները։ Առավել ևս, որ Բաքուն «համաձայն է» նաև Լաչինի ճանապարհը իր վերահսկողության տակ պահելով, «բացել» հայերի տեղաշարժի համար։
Կրկնում եմ, միայն չեղարկելով Նիկոլի չարաբաստիկ հայտարարությունը, հնարավոր կլինի վերականգնել Արցախի հիմնահարցի վերադարձը բանակցային օրակարգ։
2․ Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։ Ինչ պայմանով էլ, ում կողմից էլ դա առաջարկվի։ Այն ունի մահացու, ճակատագրական նշանակություն։ Համաձայնվելով օգտվել Աղդամի «բարիքներից», իրողություն է դառնալու «ռեինտեգրացիայի» գաղափարը։ Թուրքերը «լեգիտիմ» իրավունք են ստանալու ազատ ներխուժել Արցախ դրանից բխող բոլոր հետևանքներով։
3․ ՀՀ իշխանություններ, եթե այս անգամ էլ կշարունակեք վարել ձեր մանիպուլյատիվ, իմիտացիոն քաղաքականությունը, իմացեք՝ արժանանալու եք նզովքի, որպես անիծյալ էակներ։
Արայիկ Հարությունյան, ձերբազատվի մեղքից, հայտարարիր՝ ԱՀ Ադրբեջանից անկախ պետական միավոր է, և որևէ մեկ այլ պաշտոնյաի հայտարարություն, որոշում առ ոչինչ է Արցախի ժողովրդի համար։
Համայն հայության համար հստակ ձևակերպիր Արցախահայության հիմնարար նպատակը, որը, ինչպես որ եղավ 1988 թ․-ին, կվերամիավորի ազգը։
Չկա Արցախ առանց Հայաստանի։
Չկա Հայաստան առանց Արցախի։
Սա է պայքարի բանալին։