15/08/2023 14:06
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հաղթահարելով շրջափակման դժվարությունները պատրաստվում է նոր ներկայացման
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման՝ ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի հիման վրա:
Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է բեմադրող, Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:
«Չնայած ստեղծված ծանր իրավիճակին թատրոնը շարունակում է գործել, քանի որ մշակույթն առանձնակի կարևորություն ու նշանակություն ունի հատկապես այնպիսի ծանր իրավիճակում, որում հայտնվել ենք: Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսին ներկայացնել բեմադրությունը: Մեր թատրոնում «Գիշատիչների խնջույքը» բեմադրվել է նաև Արցախյան շարժման օրերին, երբ գոյաբանական խնդիր էր ծառացել մեր ժողովրդի առջև։ Նոր տարբերակով այն կրկին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ շրջափակման մեջ հայտնված արցախցիները համառ պայքար են մղում և ծանր կացության մեջ պետք է ընտրություն կատարեն՝ մնալով իրենց կոչման բարձրության վրա»,-ասել է Ք. Հարությունյանը
Նշենք, որ «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործությունը 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող բարեկամների մասին է, ովքեր ծանր ընտրություն կատարելու առջև են կանգնում: Ներկայացման հիմքում ընկած պատմությունը բարդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների վերաբերյալ է, որը բացահայտում է մարդկային տեսակը, որը դիմակազերծվելով ցույց է տալիս իր մեջ ապրող գիշատչի բնազդը: