15/08/2023 10:12
Ողբերգական վթարի զոհերից 4-ը խնամիներ էին. ընտանիքի 2 որդիները ծառայության մեջ են
Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 4-ը խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:
«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բորիս Թորոսյանը, ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երեւանից էին»,- պատմել է Արամայիս Ենգոյանը:
Հիշեցնենք, որ անցած գիշեր ողբերգական վթար է տեղի ունեցել։ Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և բեռնատարը․ զոհվել է 11 քաղաքացի։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։