16/08/2023 17:02
CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր
CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրեցին Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։ Հաղթող LogX թիմի անդամներին CaseKey-ի կազմակերպիչները կտրամադրեն Team Telecom Armenia-ի բաժնետոմսեր։
Մրցույթին մասնակցել է 22 թիմ, որից միայն 6-ին է հաջողվել հասնել եզրափակիչ։ Մասնակիցները լուծումներ առաջարկելու համար ունեցել են ընդամենը 72 ժամ։
Հաղթող թիմի առաջարկը վերաբերվում է ամպային խաղերի շուկայում գործունեություն ծավալելուն։ Այս քայլի շնորհիվ ընկերության հաճախորդները կկարողանան թվային խաղերը խաղալ առանց համակարգիչը ծանրաբեռնելու և խաղային կոնսոլներ գնելու։
Խոսելով մրցույթի մասին՝ LogX-ի անդամ Լիլի Գասպարյանը կարևորեց ուսանողների կապը իրական բիզնեսների հետ․ «Աշխատելով իրական հայկական քեյսի շուրջ՝ մեր թիմով կարողացանք բազում հետազոտություններ ուսումնասիրել և գտնել լավագույն առաջարկներից մեկը ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտում։ Անչափ ուրախ ենք, որ CaseKey-ն և Team Telecom Armenia-ն տվեցին հնարավորություն լուծել այս քեյսը և ստանալ մեկնաբանություն անմիջապես ղեկավար կազմից»։
Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը, որը նաև ժյուրիի կազմում էր, ընդգծեց նման խոշոր նախագծերում հաջողելու համար երիտասարդ մասնագետների ներգրավվածության կարևորությունը։
«Այս քեյսը յուրահատուկ և, միևնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են, իսկ տելեկոմ ոլորտում Team Telecom Armenia-ն առաջինն է։ Հաղթող թիմի առաջարկած լուծումները և՛ իրատեսական էին, և՛ կիրառելի։ Հետագայում մենք կունենանք ավելի խորքային քննարկումներ մասնակիցների առաջարկները կյանքի կոչելու համար»։
Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ:
Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշեց, որ Team Telecom Armenia-ի կողմից առաջադրված քեյսն ունի ոչ միայն մրցութային և կրթական, այլև ճիշտ բիզնես մշակույթ ներկայացնող նշանակություն, որը պետք է վարակիչ լինի Հայաստանի այլ բիզնեսների համար։ Յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն պետք է ունենա ոչ միայն ֆինանսական, այլև հանրային կարևորություն։ Նա նաև առանձնացրեց հաղթող թիմի անդամների կողմից բաժնետոմսեր ստանալու փաստը՝ շեշտադրելով երիտասարդների շրջանում ներդրումային մտածելակերպի զարգացման կարևորությունը։
Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի անդամներն էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի համահիմնադիր Արա Չալաբյանը, Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը և ֆինանսական տնօրենի տեղակալ Մարիաննա Գյուլումյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆիանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ինչպես նաև "JI PEPSI-COLA BOTTLER" ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանը։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։