16/08/2023 11:52
Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ավելի քան ութ ամիս տուժում է ստեղծված իրավիճակի հետևանքներից։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից հայտնում են՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արգելափակման հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի թեմայով կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։
Կատրին Կոլոննան նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցություններիկ միջոցով՝ հասնելու արդար ու կայուն խաղաղության։
Նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իր կոչը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է հետևի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ ապահովի Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի վճռով ընդունված միջանկյալ միջոցների կատարումը, որոնք պարտադիր են։
Ֆրանսիացի նախարարն իր գործընկերոջը հավաստիացրել է Ֆրանսիայի լիարժեք մոբիլիզացիայի մասին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի բնակչության, որի շրջանակներում Ֆրանսիան լրացուցիչ 3 մլն եվրո կհատկացնի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական նախաձեռնությունների համար։
Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև օգոստոսի 15-ին ԵՄ դիտորդական առաքելությունան (EUMA) պարեկային ծառայության ընթացքում նրանց ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներին։ Կատրին Կոլոննան իր մտահոգությունն է հայտնել այս միջադեպի կապակցությամբ, աջակցությունը հայտնել եվրոպական առաքելությանը։