16/08/2023 09:47
«Ժողովուրդ». Իշխող թիմին ամեն անթույլատրելին կարելի է. Օպերայի և բալետի թատրոնի հարակից հատվածում նոր ատրակցիոն է տեղադրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, և, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում և օգտվում դրանից:
Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում և, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարևոր շենքին: Խաղամոլության դեմ պայքարի իմիտացիա անող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոլախաղեր է տեղադրում Երևանի սրտում:
Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի և բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրումը, և ինչ անփոխարինելի շահումնավետություն է ապասվում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ատրակցիոնի իրական «տերը» Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Գյոզալյանի հետ: Վերջինս շատ վրդովվեց մեր հարցից, խնդրեց նման հարցերով իրեն էլ չանհանգստացել, այնուհետև՝ հարցը կրկնելուց հետո, ասաց, թե կապ չունի ատրակցիոնի հետ. «Ես ներկայիս պահին որևէ կապ չունեմ բոքսի ապարատի հետ։ Հետո կարող եմ տեղադրել օրենքի սահմաններում ու կապ ունենալ դրա համար, բայց այս պահի դրությամբ կապ չունեմ»,-ասաց նա:
Այսինքն՝ նախկինում ունեցել է, և «թղթաբանությունը» փոխված է: Որպես ամփոփում՝ նկատենք, որ իշխող թիմին ամեն անթույլատրելին կարելի է, իսկ եթե շարքային որևէ քաղաքացի փորձի մի ձող ասֆալտի մեջ խրել, համայնքային հողազավթման հոդվածով «կկորցնեն» նրան»։