16/08/2023 15:06
Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը
Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և Զ.Գ.-ի: Արդյունքում, անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ի «Լոտ 26» հողամասի աճուրդը, իսկ Զ.Գ.-ն պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը:
Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններ. արդյունքում, Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ վերահաստատել է Դատախազության և ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ վիճարկվող աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի խախտմամբ և անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ օրինական ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին դատական ակտը:
2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ վերոնշյալ աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերից ևս 3-ը, որոնց օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի ևս 8,4 հա հողամաս:
Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: