16/08/2023 22:50
Աշխարհում միլիոնատերերի թիվը կրճատվել է
Ֆրանսիան դարձել է աշխարհում երրորդ երկիրը՝ միլիոնատերերի թվով, հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով շվեյցարական UBS բանկի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Համաձայն դրանց՝ Ֆրանսիայում 2,8 միլիոն մարդու ունեցվածքը գերազանցում է մեկ միլիոն դոլարը, այստեղ է ապրում աշխարհում եղած միլիոնատերերի 4,8%-ը։
Միլիոնատերերի թվով առաջինն, ըստ ուսումնասիրության, ԱՄՆ-ն է՝ 38,2 տոկոս (22,7 միլիոն մարդ), երկրորդ տեղում Չինաստանն է՝ 10,5 տոկոս (6,23 միլիոն մարդ)։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Ֆրանսիան առաջին անգամ է երրորդ տեղն զբաղեցրել այս «վարկանիշային ցուցակում»՝ միլիոնատերերի թվով առաջ անցնելով Ճապոնիայից, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից, որտեղ մեկ միլիոն և ավելի ունեցվածք ունեցողների թիվը 2022 թվականին կրճատվել է։
Տնտեսագետների գնահատականներով՝ մեկ և ավելի միլիոն դոլարի ունեցվածք ունեցող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում 2022 թվականին կրճատվել է 3,5 միլիոնով։ Սա համարվում է նվազման ամենաբարձր տեմպը՝ 2008 թվականից ի վեր։