17/08/2023 18:00
Լիտվան ցանկանում է փակել Բելառուսի հետ սահմանը
Լիտվան պետք է պատրաստ լինի ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը` այդ հարցում պայմանավորվածության գալով տարածաշրջանի այլ երկրների հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն։
«Պետք է նախապատրաստվել սահմանների պաշտպանության այլընտրանքային լուծումների, նախանշել՝ ինչ գործողություններ պետք է ձեռնարկի Լիտվան, որպեսզի տարածաշրջանային գործընկերների հետ միաժամանակ փակվի Բելառուսի հետ սահմանը»,- ասել է նա։
Նշենք, որ բալթյան երկրների և Լեհաստանի ՆԳ նախարարները այս հարցի շուրջ Վարշավայում խորհրդակցություն են անցկացնելու, այն տեղի է ունենալու օգոստոսի 28-ին։
Մինչ այդ Լիտվայի կառավարությունը որոշել է օգոստոսի 18-ից դադարեցնել Բելառուսի հետ սահմանին գործող վեց անցակետերից երկուսի աշխատանքը։ Օգոստոսի սկզբին էլ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չէր բացառել, որ Բելառուսի հետ սահմանը կարող է ամբողջությամբ փակվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «Վագներ»-ի անդամները գտնվում են Բելառուսում։ Սահմանի փակման հարցում նա կարևորել էր Բելառուսին սահմանակից մյուս երկրների՝ Լատվիայի ու Լեհաստանի հետ համակարգված աշխատանքը։