17/08/2023 19:28
Ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնելու Արցախի և արտաքին աշխարհի միջև օդային հաղորդակցության հարցը․ Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքներին։
«Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ինչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։ Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։
Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, և որպես այդպիսին՝ չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ պատասխան լինել։
Արձագանք չկա նաև Արցախից, թեև, կարծում եմ, անպայման պետք է լիներ։
Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես, այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ չծնվեց։
ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը կախված է հետագա քայլերից. Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում, և նույն կերպ՝ սխալների և ապաշնորհության պարագայում ստանալ վատ սցենարներ։
Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։
Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ բարձրացնելու համար հումանիտար և քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային հաղորդակցության մեկնարկը Արցախի և արտաքին աշխարհի միջև։
Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար է գտնել»,- գրել է Հովհաննիսյանը։