17/08/2023 12:55
Հրապարակի փոստի շենքը վերցնում ենք, ստեղծում ենք ԲԲԸ, բաժնետոմսերը տեղադրելու ենք Երևանի բորսայում (Տեսանյութ)
Կառավարությունը որոշել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող Հայփոստի մասնաշենքը և այն դարձնել Բաց բաժնետիրական ընկերություն:
Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, մասնավորապես՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության և 5-ամյա միջոցառումների ծրագրի 103-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր։
Պիլոտային ծրագրի առաջին փուլով, այն է՝ սույն նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականության սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք) ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն։
Պիլոտային ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերեությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։
Ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ։ Շենքի դիմային մասն ամբողջությամբ և կողային մի մասը սրբատաշ տուֆ է, ճարտարապետական բացառիկ լուծումներով, զարդաքանդակներով, ազգային զարդանախշերով և խոյակներով։ Սակայն շենքի ներքին հարդարումը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։
Շենքի պահառությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով պետությունը տարեկան ծախսում է մոտ 33 մլն.դրամ։
«Բավական երկար քննարկված հարց է և այս որոշման նախագծի համտեքսում երկու հարց է ծագում, թե ինչքանով ենք մենք արագ գործում որոշումներ կայացնելիս: Երկրորդ լուրը, որը սկզբունքորեն լավ է, այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չի առաջանում»,-նշեց Փաշինյանը։