17/08/2023 19:39
«Դա իրականությունից կտրված տեսլական է»․ Սերգեյ Ղազարյանը հայտարարեց՝ Լավրովի առաջարկի մասին փաստաթուղթ Արցախը պաշտոնական խողովակներով չի ստացել
Պաշտոնական խողովակներով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նման փաստաթուղթ չի ստացել, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսին մամուլի համար արված հայտարարությանը՝ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Խոսքը, հիշեցնենք, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականի մասին է, որին արձագանք Արցախի ԱԳՆ տվել է հուլիսի 27-ի իր հայտարարությունում։
«Հուլիսի 27-ին Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է այդ տեսլականին, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով, Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, մեր իրավունքների ապահովումը։ Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլև սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք ունենք գետնի վրա»,- այս առնչությամբ ասաց Սերգեյ Ղազարյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միջնորդներից որևէ մեկի մոտ նման գնահատական տալու հիմքեր չի ստեղծում։
«Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքները, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, երբ ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից լսվում են ռազմատենչ հայտարարություններ, ուժի կիրառման սպառնալիքներ, երբ ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ հիմք որևէ միջնորդ չունի, որ նման տեսլականները, առաջարկները հնարավոր լինի կյանքի կոչել»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։