17/08/2023 21:31
Արշակ Սադոյանն առաջարկում է նախընտրական միավորում ստեղծել
Երբ քայլ առ քայլ անդունդն ենք գլորվում և ելքի ուղիներ չենք փորձում գտնել, դրանց իրագործմանը չենք փորձում ընթացք տալ, մեր պասիվությունը իրոք արդարացում չունի: Եւ այս ողբալի վիճակի շարունակման համար մենք էլ ենք դառնում նույնքան մեղավոր, հայտարարել է ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։
«Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ընտրություններն են: Հնարավոր չէ անընդհատ մոլորության մեջ պահել մարդկանց: Եւ այսօր շատ շատերը, հատկապես մայրաքաղաքում, լավ հասկանում են թե ով ով է, ինչի է ընդունակ:
Եւ եթե ընթացիկ տարաձայնությունները մի կողմ դնելով, համագործակցության, փոխօգնության ոգով, այժմ ձևավորվի այս իշխանություններին հստակ մերժող հասարակական և քաղաքական ուժերի նախընտրական հզոր մի միավորում՝ իր վերահսկման, չարաշահումների կանխարգելման միասնական շտաբով, ապա այդ ընտրարշավը փաստորեն կդառնա իշխող ուժին ոչ ասելու հանրաքվե:
Նախ կապահովվի, որ քաղաքի կառավարումը վերջապես հանձնվի մասնագիտական բարձր կարողություն ունեցող ուժերին և, որ նույնքան կարևոր է, քաղաքական աղետալի այս կուրսի փոփոխման, ճգնաժամի հաղթահարման, նոր, լայն հնարավորությունները կստեղծի:
Խնդիր դնելով պայմաններ ստեղծել, որ նախընտրական այդ միավորումը՝ ռեալ ուժ ունեցող իր շտաբով ժամանակին կազմավորվի, կարողանա սահմանափակել հարկադրման, վարչական լծակների չարաշահման իշխանականների փորձերը.
Իսկ ակնհայտ է, որ այդ դեպքում նրանք հնարավորություն չեն ունենա, միայն իրենց ուժերով հաղթել և ամեն գնով փորձելու են կերակրատաշտից փշրանքներ գցելով շահագռգռել ծախվողներին և կոալիցիա կազմելով նրանց հետ իրենց դիրքերը նորից ամրապնդել.
Նախատեսելով, որ միավորման կազմում պետք է լինեն միայն այն ուժերը որոնք իրենց երբեք թույլ չեն տա գնալ այդ քայլին և պատրաստ են նախօրոք հրապարակայնորեն հայտարարել այդ մասին.
Գտնելով նաև, որ ստեղծված այս ծանր պայմաններում, մեր ապագայով մտահոգ և հասարակական, և քաղաքական բոլոր ուժերը իրավունք չունեն անտարբեր պասիվությամբ հետևել, թե ինչ է կատարվում, այլ պարտավոր են նպաստել այդ միավորման կազմավորմանը, ինչպես նաև հայտարարել թե ընտրություններին մասնակիցող ուժերից ում և ինչպես են աջակցելու.
Միասնության հարթակի նախաձեռնող մեր խումբը որոշել է պայմաններ ստեղծել, որ առաջիկայում, բաց դռների սկզբունքով, հրավիրվի նախընտրական միավորման այդ կառույցի հիմնադրման հավաքը, որը կսահմանի նաև, թե մասնակիցները ինչ պարտավորություններ պետք է ստանձնեն, միավորման շտաբը ինչ լիազորություններ է ցանկալի, որ ունենա»,- հայտարարել է նա՝ տեղեկացնելով, որ իրենց այդ նախաձենության մասին հանրությանը ծանոթացնելու համար օգոստոսի 19-ին կազմակերպվելու է մամլո ասուլիս: