17/08/2023 10:58
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. Սամվելյան
«Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Իսկ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի սահմանած ժամկետում հայկական կողմը ներկայացրել է իր առարկություններն ու դիրքորոշումները»,- Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Սակայն, հետագայում ՊՆ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար՝ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն է փոխանցել ՄԻԵԴ-ին։ Դատարանը հայկական կողմին ժամանակ էր տրամադրել առարկություններ ներկայացնելու համար։
Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանական անցակետում ձերբակալվել ու առևանգվել է։