17/08/2023 11:34
Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է. Փաշինյան (Տեսանյութ)
«Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Եթե ամփոփելու լինենք քննարկումը, կարող ենք արձանագրել հետևյալը՝
1. Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը: Իհարկե, Հայաստանի Հանրությանը կարող է սա տարօրինակ թվալ, որ արձանագրում եմ սա ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակ պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ:
2. ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ-ի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։
3. Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով անձանց և տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվել:
Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է: Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչն է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը:
Իհարկե, այս կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար շուրջ 400 տոննա բեռով՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավարությանը: Մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է, միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան:
Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որպեսզի ԼՂ-ի ժողովուրդը իր ցանած հացահատիկը հավաքի՝ ալյուր ունենալու համար: Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում և, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկեն:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա: Միևնույն ժամանակ, պիտի կրկնեմ նախկինում ասածս, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփնակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,-կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։