17/08/2023 12:29
Հանրային լողափում 2 ջրահեղձման դեպք է եղել, ներդնում ենք ջրային պարեկների ինստիտուտը. Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարությունն իր հերթական նիստում հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։
Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։
«Սա հերթական փուլն է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների եւ Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց չորս սկուտեր։
«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սեւանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով», - ասաց ՆԳՆ Վահե Ղազարյանը։
Վերջինս հավելեց, որ պարեկային ծառայությունը կներդրվի վերջինժ չորս մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատի և Արմավիրում։ Հաջորդ խնդիրը կլինի դրանցում կանանց ներգրավվածության բարձրացումը։