17/08/2023 10:51
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 415 մլն դրամ վնասը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից կատարված չարաշահումների առթիվ քննվող վարույթի շրջանակներում հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ շուրջ 415 մլն. ՀՀ դրամ գումարի չափով ամբողջ վնասը
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի, գնումները համակարգող անձի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում օգտագործելով ծառայողական դիրքը, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ՝), 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված ընկերության տնօրենի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: