18/08/2023 20:04
Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին․ կդառնա թանգարանային նմուշ․ Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի նախագահը սպառնալիքներ է հնչեցրել
«Կապանի օդանավակայանին սպասում է Խոջալուի օդանավակայանի ճակատագիրը, այն կմնա որպես թանգարրանային նմուշ»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Ասկերովը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու հայտարարել, որ Կապանի օդանավակայանը շահագործելու հարցում «Հայաստանը Ադրբեջանից համաձայնություն չի ստացել»։
«Կապանի օդանավակայանը շատ մոտ է Ադրբեջանի դիրքերին․ օդանավակայանից թռիչք ու վայրէջք կատարելիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Մյուս կողմից էլ աբսուրդ է, որ Հայաստանը օդանավակայան է կառուցել մի պետության հետ սահմանին, որի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել։
Մինչև հիմա Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից, մի քանի անգամ հետաձգել է Կապանի օդանավակայանի բացումը։ Բացի այդ, բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանը այդ օդանավակայանը կօգտագործի ռազմական, ոչ թե քաղաքացիական նպատակներով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան ու սպառնալիքներ հնչեցրել։
«Ադրբեջանը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը, ուստի Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին, կմնա որպես թանգարանային ցուցանմուշ»։