18/08/2023 17:21
Ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են մարզպետարանի ուշադրության կենտրոնում, բայց 2023-ի մայիսից նրանք տեղափոխվել են․ Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել մարզում բնակվող Արևշատյանների ընտանիքի վերաբերյալ․
«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։
Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։
Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (մարզպետարանի) ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։
2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։ Հետևաբար, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»։