18/08/2023 21:45
Գերմանացիների հավատը ժողովրդավարության նկատմամբ պակասել է․ սոցհարցում է անցկացվել
Գերմանացիների վստահության մակարդակը երկրի ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վերջին երկու տարվա ընթացքում կրկնակի նվազել է, երկրի բնակիչների կեսից ավելին կորցրել է հավատը դրանց նկատմամբ, նշված է գերմանական Körber հիմնադրամի (Körber Stiftung) կայքում հրապարակված նոր սոցհարցման արդյունքներում։
Այսպես, հարցման մասնակիցների 54%-ն ասել է, որ չի վստահում Գերմանիայում ժողովրդավարությանը կամ քիչ է հավատում դրան, մինչդեռ 2021 թվականի աշնանը գերմանացիների միայն 30%-ն էր այդպիսի կարծիք հայտնել։
Բացի այդ, երկրում գործող քաղաքական կուսակցություններին վստահություն է հայտնել հարցվածների միայն 9%-ը, թեև 2021-ին վստահողների թիվը կազմում էր 20%, իսկ 2020-ին՝ 29%։
Հարցվածների 71%-ի կարծիքով՝ երկրի քաղաքական լիդերներն ու մեդիադաշտի առաջատարները «ապրում են իրենց աշխարհում և վերևից են նայում երկրի բնակչությանը»։ Գերմանացիների 86%-ն էլ անհրաժեշտ է համարել քաղաքական կարևոր որոշումների կայացման գործընթացներում շարքային քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավումը։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին, մասնակցել է 1113 մարդ։
Ավելի վաղ էլ Forsa ծառայության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով արձանագրվել էր, որ գերմանացիների 69%-ը համարում է, որ պետությունն անկարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Այսպիսով, ըստ սոցիոլոգների, քաղաքացիների վստահությունը պետական կառույցների կենսագործունեության նկատմամբ իջել էր նոր մինիմումի։ Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ պետական համակարգը, առաջնային խնդիրների փոխարեն, ծանրաբեռնված է այլ խնդիրներով։