18/08/2023 15:43
Մհեր Գրիգորյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խնդրի հանգուցալուծման հարցում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ երկուստեք շեշտելով համագործակցության առկա մեծ ներուժը, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերություններում: Փոխվարչապետն ընդգծել է կապիտալի շուկայի ոլորտում Լեհաստանի հետ ստորագրված փաստաթղթի կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կօգտագործի Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը կապիտալի շուկայի ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: