18/08/2023 21:23
Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել ԿԽՄԿ գրասենյակի մոտ՝ պահանջելով ապահովել Հելեն Դադայանի աճյունի տեղափոխությունը Արցախի Հանրապետություն
Այսօր մի խումբ երիտասարդներ հավաքվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի դիմաց։ Նրանք միջազգային մարդասիրական կառույցից պահանջել են ապահովել Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 21-ամյա Հելեն Դադայանի աճյունի տեղափոխությունը Արցախի Հանրապետություն։ Հելենը Արցախից էր, Ճարտարից։
Հելենի ծնողները դիմել էին ԿԽՄԿ-ին՝ հուղարկավորության համար աճյունը Հայաստանից Արցախ տեղափոխելու խնդրանքով, սակայն այն առ այս պահը Գորիսում է. Բաքուն ԿԽՄԿ-ին թույլ չի տալիս իրականացնել տեղափոխությունը։
Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն, Հայաստանում ԿԽՄԿ ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել մասնակիցների և ԿԽՄԿ աշխատակցի միջև․ երիտասարդները որոշել են արգելափակել ԿԽՄԿ շենքի մուտքը, իսկ կազմակերպության աշխատակիցներից մեկը փորձել է դուրս գալ՝ հայտնելով, որ աշխատանքային օրվա ավարտին ցանկանում է տուն գնալ։
Արցախցի երիտասարդները թույլ չեն տվել նրան դուրս գալ շենքից՝ հայտարարելով, որ իրենք ևս ամիսներ շարունակ չեն կարողանում գնալ տուն ու տեսնել իրենց հարազատներին։ ԿԽՄԿ ներկայացուցչի և երիտասարդների միջև բանավեճ է սկսվել։
«Ես նույնպես ցանկանում եմ գնալ իմ տուն։ Իմ մորն ու եղբորը չեմ տեսել՝ երկու տարի»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, ինչին ի պատասխան ԿԽՄԿ ներկայացուցիչն ասել է, որ իրենք անում են հնարավորը՝ իրենց իրավասությունների սահմաններում։ Աշխատակցին երիտասարդներն այդպես էլ թույլ չեն տվել դուրս գալ շենքից։