18/08/2023 21:55
Նոր Զելանդիայում մոտ 3 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարեն անարդարացիորեն 18 տարվա ազատազրկման դատապարտված անձին
Նոր Զելանդիայի կառավարությունը 2,9 միլիոն դոլարի փոխհատուցում կվճարի Ալան Հոլին, ում անարդարացիորեն մեղադրել են սպանություն կատարելու մեջ և դատապարտել 18 տարվա ազատազրկման, հայտնել է երկրի արդարադատության նախարարի պաշտոնակատար Դեբորա Ռասսելը։
«Կառավարությունը խոստովանում է, որ Հոլն անմեղ է և անվերապահորեն ներողություն է հայցում նրա նկատմամբ ոչ իրավաչափ դատավճռի և ազատազրկման համար։ Մենք ընդունում ենք, որ ներողությունն ու առաջարկվող փոխհատուցումը ամբողջությամնբ չեն շտկի նրա նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը, բայց հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ կօգնի նրան կարգավորել իր կյանքը և զբաղվել նրանով, ինչով ուզում է»,- նշված է Ռասսելի հայտարարությունում, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
Նշենք, որ Ալան Հոլը 1986 թվականին մեղավոր էր ճանաչվել Արթուր Իսթոնի սպանության մեջ և դատապարտվել ազատազրկման։ Իր գործի վերանայմանը հասնել նրան հաջողվել էր 28 տարի անց միայն։ 2022 թվականի հունիսին Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը վերանայել էր Հոլի գործը և ամբողջովին արդարացրել նրան։ Հոլը փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, ինչը բավարարվել է։