18/08/2023 16:27
Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունն էժանացել է 9,5 մլն դոլարով․ Հետք
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող ամերիկյան առանձնատունը, որը 2022 թ. նոյեմբերին վաճառքի էր հանվել 56 մլն դոլարով, այժմ առաջարկվում է 46,5 մլն-ով: Այս մասին գրում է Հետքը։
Հիշեցնենք, որ տունն առաջին անգամ օտարման էր հանվել 2022 թ. ապրիլին 63,5 մլն դոլարով, սակայն քանի որ գնորդ չճարվեց, նոյեմբերի սկզբին հանվել էր շուկայից, ապա նույն ամսվա վերջին նորից դրվել վաճառքի, այս անգամ՝ 56 մլն-ով:
2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասում (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով առանձնատուն էին ձեռք բերել, որը կառուցվել էր դեռ 1927-ին:
2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել էին վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:
Քանդելով 1927-ին կառուցված տունը՝ 2017-ին Խաչատրյաններն այս հասցեում նոր տուն են կառուցել, որը շատ ավելի մեծ է՝ բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։
Երկհարկանի այս վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։