18/08/2023 10:25
Անօդաչու են խոցել․ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմ է հայտարարվել
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը դեպի Մոսկվա թռչող ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այս գիշեր դեպի Մոսկվա թռչելու փորձի ժամանակ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի տարածքում, շենքին էական վնաս չի հասցվել»,- գրել է Սոբյանինը՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում, հարձակման փորձը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 04։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 05։00)։ Նշվում է, որ ԱԹՍ-ի թիրախում էին Մոսկվայում և Մերձմոսկվայում գտնվող որոշ օբյեկտներ։
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիա»-ի հաղորդմամբ՝ միջադեպից հետո Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում սահմանափակման ռեժիմ է հայտարարվել, սակայն այժմ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։ Ինչպես մանրամասնել են գործակալությունից՝ սահմանափակումները չեղարկվել են ժամը 04։30-ին (երևանյան ժամանակով՝ 05։30)։